Պետք է ստեղծվի իրավիճակ, որ Ալիևի համար մեր գերիներին օր ավել Բաքվում պահելը դառնա գլխացավանք. Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ-ում տեղի է ունեցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ի տարբերություն նախորդ նստաշրջանների՝ այս նստաշրջանում հաջողվել է քննարկման դնել հայ ռազմագերիների և փախստականների թեման, որի ընթացքում բոլոր ելույթ ունեցող եվրոպացի պատգամավորները հստակորեն դիրքորոշում են արտահայտել առ այն, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն:
«Նաև տեղի ունեցավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանձնաժողովը քվեարկությամբ ընդունեց հայտարարություն, որով կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին և հարգել մշակութային ժառանգությունը: Այս նստաշրջանի համար մեր պատվիրակությունն իր առջև դրված խնդիրը կատարել է, այն է՝ շարունակել մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա ԵԽԽՎ շրջանակներում և հասնել խնդրի լուծմանը, նաև նստաշրջանի ընթացքում գործադիրի մակարդակով հայտարարություններ են հնչել՝ մասնավորապես Գերմանիայի ներկայացուցիչը, որը նախագահում էր, հայտարարությունն արել է՝ ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցի»:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ընդդիմության գործընկերները չեն մասնակցում ասուլիսին, Ռուբինյանը պատասխանել է.
«ԲՀԿ մեր գործընկերներն այսօր աշխատանքային գրաֆիկով պայմանավորված այստեղ չեն, պարոն Մարուքյանն էլ պիտի որ լիներ, բայց չգիտեմ՝ ինչու չկա»:
«Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հավելել է.
«Կարևոր է խորհրդարանական դիվանագիտական հարթակներն օգտագործել, երկրորդական է քաղաքական ուժերի ներկայացվածությունը, կարևոր է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանը, այդ տեսանկյունից կարևոր գործընթաց է, ԵԽԽՎ-ում ելույթները, իրար հաջորդող ելույթների տրամաբանությունը, որ նայեք, ամբողջությամբ այն նպատակին էին ծառայում, որոնք մեր առջև դրել էինք, շատ հաճախ հարցնում են՝ ինչ օգուտ, տղաները չվերադարձան, վերադարձի համար քայլերը պետք է լինեն համառ, ստեղծվի իրավիճակ, որ Ալիևի համար, մեր գերիներին օր ավել Բաքվում պահելը դառնա գլխացավանք»:
Կարծիքներ