Իրանի ԱԳ նախարարի այցերի կարեւոր շեշտադրումները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Իրանի ԱԳ նախարարի այցերի կարեւոր շեշտադրումները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվել է Թուրքիայում։ Մինչ այդ նա այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան։ Տարածաշրջանային բոլոր երկրներ կատարած այցերով փաստորեն ամբողջանում է Թուրքիայի իշխանությունների կողմից առաջարկված համագործակցության «3+3» (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափը։

Եթե ի սկզբանե խոսվում էր «վեցյակի հարթակ» ստեղծելու մասին, ապա անցումը «3+3»-ի ցույց է տալիս, որ որպես հիմնական խաղացողներ Թուրքիան իր հետ միասին ընդունում է Ռուսաստանին եւ Իրանին։ Մինչդեռ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը չեն դիտարկվում նույն հարթության մեջ։ Նկատենք, որ Վրաստանում եւ Ադրբեջանում թուրքական ազդեցությունը մոտ է այդ երկրների ազգային անվտանգությունը վտանգող սահմանագծին, իսկ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն էապես խոցելի է դարձել արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով։

Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի ընթացքում բավականին հետաքրքիր եւ կարեւոր հայտարարություններ հնչեցին։ Դրանք արեւելագետ Արմեն Պետրոսյանը բնորոշում է որպես «ոսկերչական նրբությամբ ընտրված բառապաշարով ուշագրավ հայտարարություններ»։ Օրինակ՝ «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ», «Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գիծն է, եւ այդ մասին նախկինում եւս հայտարարվել է»։ Ըստ արեւելագետի, դրանք բավականաչափ կարեւոր են եւ հավելյալ վերլուծության անհրաժեշտություն ունեն։ «Մակերեսային մոտեցման դեպքում կամ ձեւական հարթությունում իրանական կողմի այս ուղերձները կարելի է դիտարկել նաեւ՝ որպես Բաքվում հնչած ոգեւորիչ եւ հաղթանակի շնորհավորական հայտարարությունները հավասարակշռելու ձգտում։ Բայց դա այդպես չէ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում