«Չե՞ք ամաչում բազմազգ Բեյրութում ռասիզմ դրսևորելու համար». Կարո Փայլանը` Մևլութ Չավուշօղլուին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերը ռասիզմ է բնորոշել` հարցը բարձրացնելով Միլլի Մեջլիսում: Այս մասին գրում է Gazete Duvar պարբերականը:
Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունից հետո Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն այցելել էր Լիբանան, որտեղ հայտարարել է.
«Լիբանանի այն բնակիչներին, ովքեր ասում են ես թուրք եմ, թուրքմեն եմ, Թուրքիայի քաղաքացիություն կտրամադրվի: Սա մեր հանրապետության նախագահի հրամանն է»:
«Լիբանանում բազմաթիվ ազգեր են ապրում, որոնք ապրում են նաև Թուրքիայում: Այս ռասիստական արտահայտությունը մեծ հանրային արձագանք է ստացել»,- ասել է Փայլանը` երկու հարց ուղղելով Թուրքիայի արտգործնախարարին.
«Չե՞ք ամաչում բազմազգ Բեյրութում ռասիզմ դրսևորելու համար: Արդյո՞ք Թուրքիան միայն թուրք ազնվականության հանրապետություն է»,-հարցրել է հայազգի պատգամավորը:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, վիրավորները 6 000-ից ավելի են։
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
Կարծիքներ