Մարտին երկրագնդի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել․ մասնագետները մտահոգված են

Մարտին երկրագնդի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել․ մասնագետները մտահոգված են

Մարտը դարձել է տասներորդ անընդմեջ ամենատաք ամիսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայությունը։

Ըստ ծառայության՝ անցյալ ամիսը եղել է երբևէ գրանցված ամենատաք մարտը, 2023 թ․ հունիսից ի վեր հերթական ամիսը, երբ արձանագրվում է ջերմաստիճանային ռեկորդ, բացի այդ, ծովի մակերևույթի ջերմաստիճանը նույնպես նոր ռեկորդ է սահմանել։

Անցյալ ամիսը եղել է ըստ Ցելսիուսի սանդղակի 1,68 աստիճանով ավելի տաք, քան 1850-1900 թվականներին՝ մինչարդյունաբերական ժամանակաշրջանում մարտին գրանցված միջին ջերմաստիճանը։

Անցյալ ամիսը գերազանցել է ամենատաք մարտ ամսի ռեկորդն ընդամենը 0,1 աստիճանով, սակայն ըստ ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության փոխտնօրեն Սամանթա Բերջեսի՝ մտահոգություն է առաջացնում ջերմաստիճանի բարձրացման ընդհանուր միտումը։

Վերջին մեկ տարին համարվում է ամենաշոգը. այս ընթացքում մոլորակի ջերմաստիճանը մինչարդյունաբերական ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանը գերազանցել է 1,58 աստիճանով։

2015 թվականին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում երկրները պայմանավորվել են փորձել թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանը։ Չնայած 12 ամսվա ընթացքում ջերմաստիճանը գերազանցել է 1,5 աստիճանը, սակայն այն դեռ չի հատել Փարիզի համաձայնագրի նպատակակետը, որը հաշվի է առնում մոլորակի միջին ջերմաստիճանը մի քանի տասնամյակի ընթացքում։

«Այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ մենք չափազանց մոտ ենք դրան», - ասել է Բերջեսը AFP գործակալությանը։

Բերջեսի խոսքով՝ ծովի ջերմաստիճանի հետ կապված իրավիճակը պակաս «ցնցող» չէ. համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի ռեկորդը, որը սահմանվել էր փետրվարին, մարտին կրկին գերազանցվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում