Մենք նույնպես անմասն չենք ռիսկերից, Երևանում մեկնարկել է 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը․ Ավինյան

Մենք նույնպես անմասն չենք ռիսկերից, Երևանում մեկնարկել է 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը․ Ավինյան

Ցավալի է տեսնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, որին զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցները: Այս աղետը պարզ վկայությունն է այն փաստի, որ երկրաշարժերին դիմակայելու միակ ճանապարհը սեյսմակայուն բնակֆոնդ և ենթակառուցվածքներ ունենալն է:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք նույնպես անմասն չենք ռիսկերից, քանի դեռ Երևանում կան վթարային բազմաբնակարան շենքեր: Նախորդ տարի սկսել ենք 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը, և այս տարի կմեկնարկեն մի քանի շենքերի շինարարական աշխատանքները:

Սա մեր քաղաքացիների անվտանգության առաջնահերթ հարց է: Մենք կլուծենք այն բնակիչների և կառուցապատողների հետ համագործակցությամբ և միասնական ջանքերով»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ամենասարսափելի աղետն է 1939 թվականից ի վեր:

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, տուժել է շուրջ 8500 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում