Ինչո՞ւ է աղմկում զարթուցիչը

Ինչո՞ւ է աղմկում զարթուցիչը

Ի՞նչ է ընդդիմության ուզածը: Այս հարցի պատասխանը թերևս անորոշ է հասարակության լայն շերտերի, բայց հաստատ ոչ ընդդիմության դրոշակակիրների համար: Ընդդիմադիրները մոտ երկու շաբաթ իրազեկման ակցիաներ էին անում՝  հանրությանը նախապատրաստելով մայիսմեկյան գլխավոր հավաքին, որն, ըստ ընդդիմության, լինելու էր գործող իշխանության վերջը: Ընդդիմադիրները շաբաթ փորձում էին արթնացնել Լաոյին՝ իբր Արցախը փրկելու, բայց իրականում Լաոյի ձեռքով  իշխանությունը կրկին զավթելու համար: Լաոն չարթնացավ, կամ արթնացավ՝  ոչ ընդդիմադիրների սպասումներն արդարացնելով:

Արցախի, այսպես ասած, փրկությունը ընդդիմադիրների գլխավոր խաղաղաքարտ է որով նրանք փորձում են վերադառնալ  իշխանության: Իսկ ինչպե՞ս են փրկելու Արցախը Լաոյի զարթուցիչները:

Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրների կարգավորման որևէ հստակ ծրագիր ընդդիմությունը (հիմնականում խորհրդարանական) չի հրապարակել: Փոխարենը հրապարակներում և փողոցներում միայն ռազմահայրենասիրական կենացներ են հնչում: Կենացներ, որոնցով տասնամյակներ կերակրել են հանրությանը:

Հայտնի է ինչ են տարիներ շարունակ Արցախի հարցով բանակցել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները: Թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը իրենց հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում  հայտարարել են, որ համաձայն են եղել հանձնել ազատագրված շրջանները՝ անորոշ թողնելով Արցախի կարգավիճակի հարցը:

Դրսում հողերը հանձնելու երդումներ էին տալիս, իսկ ներսում հանրությանը ներկայանում «ոչ մի թիզ» թշնամուն կարգախոսով:  Մոլորեցնելով սեփական ժողովրդին, թմրեցնելով ժողովրդի զգոնությունը՝  նույն ժողովրդին տանում էին պատերազմի՝ գիտենալով, որ պատերազմի ելքը կանխորոշված է: 

Հողերը հանձելու օրակարգով տարիներ շարունակ բանակցողները 2018 թվականի հեղափոխությունից հետո սկսեցին գոռալ, թե իբր Նիկոլ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու: Երկու տարի անընդմեջ իշխանությանը հողերը հանձնելու համար մեղադրող ընդդիմությունը նույն գործելաոճը շարունակեց նաև պատերազմի ընթացքում: Ավելին՝ հենց այդ օրերին այսօրվա արմատական ընդդիմադիր որևէ գործիչ հրապարակավ չդիմեց իշխանությանը պատերազմը կանգնեցնելու կոչով: Փոխարենը ռազմահայրենասիրական կենացներով շարունակեցին առաջ տանել ոչմիթիզականությունը՝ զուգահեռ ռազմաճակատում կեղծ, պարտվողական և  դավաճանական լուրեր տարածելով:  

Պատերազմի ողբերգական ավարտից հետո Լաոյի մերօրյա զարթուցիչները սկսեցին մեղադրել իշխանությանը պատերազմը ավելի շուտ չկանգնեցնելու և պարտվելու համար: Պատերազմի արդյունքը պարարտ հող էր ստեղծել իշխանությունը վերանվաճելու մոլուցքով տարված նախկին ռեժիմի ներկայացուցիչների համար:

Այսօր էլ ընդդիմադիրները  հստակ գնահատական չեն տվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ արդյոք մտադիր են այն չեղարկե՞լ, թե՞ ոչ: Հստակ չեն նշել Արցախի գրավյալ տարածքները հետ վերադարձնելու մեխանիզմները, չեն հստակեցրել իրենց գործողությունները և ծրագրերը՝  հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցի վերաբերյալ: Եվ ահա այս անորոշությամբ էլ ընդդիմությունը փորձում է մարդկանց դուրս բերել փողոց: Հատկանշական է, որ ընդդիմությունը նույնիսկ իր, այսպես ասած, հեղափոխական գործելաոճով է իշխանությանը կրկնում՝ որևէ նոր և տարբերվող բան չառաջարկելով հանրությանը: Նման դեպքում, բնականաբար, շատ պարզ և տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ն է դեմ ընդդիմությունը....

Հետևեք մեզ նաև Տելեգրամում