ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:
«Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին, որոնք նպաստում են ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեսպան Քրիստինա Քվինն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
Կարծիքներ