Նոր ուժ քաղաքական դաշտում. Համախմբվել են գիտնականները, բժիշկները, տնտեսագետները
Նորաստեղծ «5165» ազգային շարժումն ապրիլի 25-ին, անցկացրեց իր առաջին համագումարը: Խորհրդանշական 5165-ը Արարատ լեռան բարձրությունն է, անվան տակ համախմբման նպատակը՝ հզոր և կենսունակ Հայաստան ստեղծելն է:
Խոսելով «5165» շարժման ստեղծման կարևորության և նպատակների մասին` շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը նշում է, որ երկրի ապագան վտանգված է և մեր պարտքն է կանգնեցնել այդ վտանգը.«Շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք շատ լավ հասկանում են այն իրավիճակը, որի մեջ գտնվում է մեր հայրենիքը, որոնք պատրաստ են համախմբելու և մեր երկիրը հանելու այս խորը ճգնաժամից, որոնք ունեն հավատ, կամք՝ վերակերտելու Հայաստանը, որոնք չեն ուզում մնալ առանց հայրենիք և համալրել այն ազգերի շարքը, որոնք կան, բայց հայրենիք չունեն»:
«5165» շարժման գաղափարախոսական հենքերի, ազգային նպատակի և երկրի զարգացման գործում կրթության դերի մասին խոսել ու մանրամասնել է շարժման համահիմնադիր անդամ, միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը:
Շարժման համահիմնադիր Հովհաննես Ղազարյանն էլ անդրադարձել է պետական մտածողության և արդյունավետ կառավարման հիմնահարցերին։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ «5165» շարժման անկյունաքարը համերաշխությունն ու համախմբումն է, ինչը վերականգնման համար իրական հիմքեր ստեղծելու գրավականն է:
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը` հանդիսանալով շարժման հիմնադիր անդամ պնդում է, որ շարժումն անհրաժեշտությունից է ծնվել, նա երբեք անձամբ չի ցանկացել մտնել քաղաքականություն, բայց հիմա մշակույթը քիչ է, քանի որ մեր երկիրն ուզում են խլել մեզնից։
Շարժման մյուս անդամները ևս ելույթներ են ունեցել՝ ներկայացնելով իրենց տեսլականն ու ծրագրերը: Նրանց թվում է իրավաբան, տնտեսագետ Վարդան Քալանթարյանն, բժիշկ Գևորգ Թամամյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «5165» շարժումն իր գործունեության մեկնարկն ազդարարեց 22.04.21-ին, ինչի մասին շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված տեսաուղերձում հայտնեց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը:
Կարծիքներ