ՀԱՊԿ-ը գնահատել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի շփումների ընդլայնման ազդեցությունը ԼՂ-ում տիրող իրավիճակի վրա
Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնել, և սկսվել է ճգնաժամի կարգավորման փուլ: «Գործոնը, որը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վրա, Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության ընդլայնում է», – ասել է Սիդորովը։
Նա նշել է, որ 2020-ին Բրյուսելում Վրաստանի և ՆԱՏՕ-ի ղեկավարության հանդիպումներից հետո լրացվել է ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթը և պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021-ին ավելացնել մարտական պատրաստության միջոցառումների՝ դաշինքի նավերի այցերի քանակը վրացական նավահանգիստներ և ֆինանսական օգնությունը Թբիլիսիին ՝ Վրաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու համար:
«Դիտարկվում է նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացման հարցը, այդ թվում` հանրապետության և Սև ծովի օդային տարածքի վերահսկողությունն ապահովելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ գործունեությունը կնպաստի Կովկասում լարվածության պահպանմանը և տարածաշրջանային անվտանգության մակարդակի նվազմանը:
Կարծիքներ