Ազգային ավիափոխադրողը նախատեսում է թռիչքներ սկսել գարնան վերջից. ներկայացվեց «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն նախատեսում է կանոնավոր չվերթներ սկսել արդեն 2022 թվականի գարնան վերջից, նախանշված են հիմնական ուղղությունները:
Այս մասին հայտնեց «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին՝ «Ֆլայ Արնա» -ի ապրանքանիշի շնորհանդեսին:
Թռիչքների մեկնարկը, ըստ նրա, կտրվի, հավանաբար, մայիսի վերջին: Եթե տեխնիկական, իրավական բոլոր փաստաթղթերը կարգավորված լինեն, ապա ավիափոխադրողը թիրախավորել է գարնան վերջին սկսել թռիչքները: Անդրադառնալով ուղղություններին՝ Ադել Ալին նշեց. «Ըստ մեր բիզնես պլանի՝ որոշ ուղղություններ արդեն սահմանված են, մասնավորապես, Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն բավականին մեծ ծածկույթով, Միջին Արևելք, հարակից երկրներ»,-ասաց Ալին:
«Ֆլայ Արնա»-ն թռիչքներ իրականացնելուց առաջ նախ պետք է ստանա հավաստագրեր, կարգան է այդպես. ցանկացած ավիափոխադրող նախ դիմում է այլ երկրի համագործակցության համար, ստանում համապատասխան թույլտվություն և բացում երթուղի: Այդ տեսանկյունից երթուղային առումով դեռ հստակ պատասխան չեն կարող տալ:
ԵՄ-ն, Ադել Ալիի խոսքով, ևս «Ֆլայ Արնա»-ի բիզնես պլանի մաս է, բայց ոչ անմիջական: Անդրադառնալով հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ ավիացիոն սև ցուցակում գտնվելու մասին դիտարկմանը՝ «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ աշխատել են և շարունակելու են աշխատել խնդրի առկայությանը զուգահեռ: «Էյր Արաբիա»-ն համագործակցում է գրեթե 40 օդանավակայանի հետ Եվրոպայում, Ալին վստահ է, որ երբ գա այդ օդանավակայանների հետ աշխատելու պահը՝ ըստ իրենց աշխատանքային պլանի, ապա կգտնեն խնդիրը կարգավորելու ճանապարհը՝ իհարկե հույս ունենալով, որ մինչև այդ պահը արդեն Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն խնդիրը կարգավորած կլինի:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)-ի և «Էյր Արաբիա»-ի միջև 2021 թվականի հուլիսին էր ստորագրվել հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: «Ֆլայ Արնա»-ն գործելու է որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Համատեղ ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը:
Ըստ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի՝ հայկական ազգային ավիաուղիների ծրագիրը ստեղծելիս իրենց առաջ դրել են մի քանի խնդիր: «Նախ ստեղծել իրապես մրցունակ տնտեսական միավոր, որը պետք է հիմնված լինի փորձված, կենսունակ մոդելի վրա: Խնդիր էինք դրել նաև ունենալ ավիաընկերություն, որը հենց նման մրցունակ, կենսունակ մոդելի շնորհիվ Հայաստանը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա ավելի տեսանելի և գրավիչ ուղղություն կդարձնի: Եվ խնդիր ունեինք ստեղծել իրապես հայկական ազգային ավիաընկերություն, որը պոտենցիալ զբոսաշրջիկի և ուղևորի համար առաջին պորտալը կլինի դեպի ՀՀ-ի ոգին և էությունը»,- ասաց Փափազյանը:
Նաև որոշում է կայացվել օտարերկրյա ընկերության հետ համատեղ իրականացնել ծրագիրը, որովհետև «Էյր Արաբիա»-ն ունի վերը նշված կենսունակ մոդելի՝ տարիների հաջողված փորձ: Փափազյանը դա համարեց «Ֆլայ Արնա»-ի մրցունակության գրավականներից մեկը:
«Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին հավելեց. «Մեր առաքելությունն է «Էյր Արաբիա»-ի կոմերցիոն փորձը բերել «Ֆլայ Արնա»՝ նպաստելով վերջինիս աճին և հաջողություններին: «Ֆլայ Արնա»-ն կնպաստի նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ ստեղծելով այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ենթակառուցվածքները, աշխատատեղերը երիտասարդ, կրթություն ստացած մասնագետների համար և այլն: Այնտեղ, որտեղ ստեղծվում են լավ ավիաուղիներ, տնտեսությանը նպաստելու մեծ գործոններ են ձևավորվում»:
Ըստ նրա՝ Հայաստանի տեղադիրքը, բնապատկերը, մշակույթը, ժառանգությունը յուրահատուկ առաջարկ են ներկայացնում և հնարավորություն ստեղծում իրականացնելու այն պոտենցիալը, որն այսօր կարող է լինել զբոսաշրջային ոլորտում: Ալին մեծապես հավատացած է, որ ուժեղ ազգային ավիափոխադրողը կօգնի այսպիսի ներուժն իրականացնել՝ իրականացնելով վստահելի, մատչելի և անվտանգ օդային ճամփորդություն:
«Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը ներկայացրեց «Էյր Արաբիա»-ի կրեատիվ մենեջեր Սահմար Խուզամին: Բրենդի առաջնային գույները հայկական դրոշի գույներն են՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: «Ոգեշնչված էինք ճամփորդողի գաղափարով, այն մարդու, որը պատրաստ է հետազոտել աշխարհը՝ տեղափոխվելով մեկ կետից մյուս կետը, ուսումնասիրելով: Ոգեշնչված էինք նաև «A» տառով, որովհետև լատինատառ A-ով է նաև Հայաստանի անունը: Մենք փորձեցինք այս երկուսը համադրել, այսինքն՝ A տառը և քայլելը խորհրդանշող պատկերները, նաև տեղադրվել են Հայաստանի դրոշի գույները»,- ասաց Սահմար Խուզամին:
Թե Խուզամին, թե Փափազյանը, և թե Ալին վստահություն հայտնեցին, որ ապրանքանիշն արտահայտում է հայկական ինքնությունը: Մասնավորապես, ըստ Փափազյանի, «Ֆլայ Արնա»-ի բրենդը արտացոլում է Հայաստանի էությունը, առաջացնում է այն ասոցիացիաները, որոնք պետք է առաջացնեն ազգային ավիաուղիները: Տեսողական ինքնության ձևավորման վրա ամիսներ շարունակ աշխատել է մասնագետների թիմը: Ավիափոխադրող ինքնաթիռների վրա ևս կլինեն Հայաստանի դրոշի գույները:
Կարծիքներ