Մարտակերտի քաղաքապետն ազատվել է տնային կալանքից
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվել է տնային կալանքից:
Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:
Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Գյուրջյանը խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 1 միլիոն 935 հազար դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Կարծիքներ