Վրաստանում մոտ 20 հասարակական կազմակերպություն պահանջում է վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը. խորհրդարանի առջև մի քանի հազար ցուցարար կա
Վրաստանում շուրջ 20 հասարակական կազմակերպություն պահանջում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականը՝ կապված հուլիսի 5-ի իրադարձությունների հետ:
Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընդդիմության կողմից կառավարության հրաժարականի ֆոնին:
Մի քանի հազար մարդ այս պահին հավաքված է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց՝ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկված TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան լուրից հետո:
Հասարակական կազմակերպությունները ևս կատարվածի համար մեղադրում են գործող իշխանություններին:
«Հետևանքների համար քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը, որը փաստորեն հրաժարվել է կատարել իր գործառույթները և պաշտպանել մարդկանց առողջությունն ու կյանքը: Ուստի, ստորագրող կազմակերպությունները պահանջում են, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին անհապաղ հրաժարական տան», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմությունը հավաքվել է երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան գրավել են ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և լրագրողները, որոնք իշխանություններին մեղադրում են Լաշկարավայի մահվան համար:
Երկրի առաջին դեմքերը պաշտոնական ցավակցություն են հայտնել նրա ընտանիքին և խոստացել օբյեկտիվ հետաքննություն, մինչդեռ ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին հուլիսի 5-ին անգործության համար, երբ քաղաքը խառնաշփոթի մեջ էր և վիրավորվել էր ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչ:
Այսօրվա ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի դիմաց: Կարգախոսների հիմնական մասը կառավարության հրաժարականի վերաբերյալ է: Ակցիայի խորհրդանիշն արյունն է՝ ի նշան համերաշխության այն լրագրողների հետ, որոնք վիրավորվել են հուլիսի հինգին: Շատերը գալիս են կարմիր ներկով ծածկված վերնաշապիկներով:
Ռուսթավելի պողոտան արգելափակված է: Կառուցվել է բեմ, տեղադրվել են բարձրախոսներ: Կան բազմաթիվ երիտասարդներ, ընդդիմության առաջնորդներ, ընդդիմադիր հեռուստաընկերությունների ղեկավարներ, ակցիայի մասնակից են նաև լրագրողները: Ոստիկանությունը մոբիլիզացվել է, ոմանք կանգնած են քրիստոնեական խաչի առջև, որը վերջերս այդտեղ են տեղադրել ԼԳԲՏ անձանց հակառակորդները՝ որպես ավանդական արժեքների պաշտպանության խորհրդանիշ:
Ոստիկանական ուժերը մոբիլիզացված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի առջև և խորհրդարանի շենքի դիմաց:
«Մենք կոչ ենք անում ցուցարարներին դուրս չգալ հավաքների և խոսքի ազատության մասին օրենքով թույլատրված սահմաններից: Միևնույն ժամանակ, մենք նախազգուշացնում ենք ակցիայի կազմակերպիչներին՝ չանել բռնության կոչեր և ապահովել, որ գործողությունները չվերածվեն բռնության», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
Խորհրդարանի առջև հանրահավաքից առաջ իշխող կուսակցության գրասենյակի դիմաց բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:
Կարծիքներ