Իրաքի վարչապետն ասում է, որ ճանաչում է մահափորձի հեղինակներին

Իրաքի վարչապետն ասում է, որ ճանաչում է մահափորձի հեղինակներին

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին ասել է, որ երկրի իշխանությունները գիտեն կիրակի գիշեր իր դեմ մահափորձ կատարածների անունները, և խոստացել է, որ մոտ ապագայում նրանց կկալանավորեն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հետապնդում ենք նրանց, ովքեր կատարեցին երեկվա ոճրագործությունը, մենք նրանց շատ լավ գիտենք և շուտով կհրապարակենք նրանց անունները: Նրանք ձգտում են մեր երկիրը վերածել ավազակապետության, բայց մենք դա թույլ չենք տա»,- ասել է վարչապետը։

Ալ-Քազիմին նշել է, որ Իրաքում կան որոշակի ուժեր, որոնք դժգոհ են երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներից և կոռուպցիայի դեմ պայքարից։

«Մենք թույլ չտվեցինք, որ երկիրը հայտնվի տարածաշրջանային պատերազմի մեջ և կարողացանք ապահովել նրա անվտանգությունը: Մենք շարունակելու ենք մեր անզիջում պայքարը կոռումպացված պաշտոնյաների դեմ, և նրանցից ոչ ոք չի խուսափի պատժից»,- հավելել է կառավարության ղեկավարը։

Իրաքի վարչապետի դեմ մահափորձը կատարվել է կիրակի գիշերը։ Ալ-Քազիմիի նստավայրը, որը գտնվում է Բաղդադի լավ ամրացված կանաչ գոտում, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու պետական ​​կառույցները, հարձակման է ենթարկվել ականապատ անօդաչու սարքերով: Վարչապետը չի տուժել, ինչպես ինքն է հայտնել Twitter-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում