Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է
Շինտեխնիկայի աշխատանքի նպատակն այսօր շինարարությունը չէ: Երևանի քաղաքապետարանը Ծիծեռնակաբերդի անտառային գոտու՝ շուրջ 8.5 հեկտար տարածքում, մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածում մեկնարկել է կանաչապատման մասշտաբային նախագիծը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այս տարի սկսել ենք վերակառուցել և պատրաստել անտառ-պուրակի հիմնումը: Ներկայումս մոտ 5.5 հա վրա ընթանում են հողային աշխատանքներ: Իրականացվում են քարհավաք աշխատանքներ, աղբն է շինարարական հավաքվում, նաև տարածքը ընդհանուր ինժեներական նախապատրաստում է անցնում: Այս աշխատանքները կտևեն 3-4 ամիս»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:
Այսօր քաղաքային կանաչապատման մասնագետները մշակում են տարածքի լանդշաֆտային նախագիծը: Անտառ-պուրակի հիմքում կլինի բազմաշերտ կանաչապատում՝ մշտադալար ծառերով ու թփերով: Դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանն անցկացրեց ոռոգման նոր համակարգ: Աշնանը, երբ այստեղ ամբողջությամբ մաքրված ու պատրաստ լինի, կիրականացվի ծառատունկ:
«Տեղադրելու ենք տարբեր ծառատեսակներ՝ հաշվի առնելով հողային առանձնահատկությունը: Որտեղ ժայռեր են՝ կտնկենք թփեր, մյուս տեղերում՝ ծառեր: Հիմնականում ուզում ենք մեր անտառներում աճող, նաև որոշ ներմուծված ծառատեսակներ լինեն: Հաշվի ենք առնելու նաև մշտադալարության սկզբունքը»,- մանրամասնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:
Անտառային գոտու մի մասը թեև կանաչապատ է, սակայն տարիներ շարունակ այստեղ որևէ աշխատանք չի արվել, ինչի հետևանքով անկանոն մացառուտներ են ձևավորվել:
«Սանիտարական հատումներ չեն կատարվել, և արդեն քայլելու հնարավորություն անգամ չկա ու դարձել է անանցանելի: Պետք է այս հատվածը ևս ամբողջությամբ վերականգնենք»,-ասում է Արծվի Գրիգորյանը:
«Տարածքում կան արժեքավոր ծառատեսակներ, որոնք մենք անպայման կպահպանենք, իսկ չորացած ծառերն ու թփերը կփոխարինենք»,- նշում է Արա Աղայանը:
Երևացող աշխատանքների հետ միաժամանակ, կանաչապատման հիմնարկի մասնագետները նաև արդեն քարտեզագրել են տարածքը, հողային շերտի ուսումնասիրության արել:
«Նախագիծը տևելու է 2-3 տարի: Աշխատանքներ են իրականացվելու նաև 2022 թվականի գարնանը և աշնանը: Լրացվելու են ծառերը, թփերը, և 2022թ. տարածքը կստանա իր վերջնական տեսքը: Սա կարևորագույն նշանակության օբյեկտ է Երևանի համար, քանի որ նման մեծ տարածքով այգիներ, պուրակներ քիչ ունենք: Հետխորհրդային տարիներին նման մեծ նախագիծ չի իրականացվել, անտառ-պուրակի վերականգնման նման մեծ աշխատանք մենք առաջին անգամ են անում»,-ընդգծում է Արա Աղայանը:
Ծիծեռնակաբերդի այս տարածքը համայնքի սեփականութունն է, և համայնքի ջանքերով այն շուտով կծառայի բնակիչներին՝ որպես հանգստի կանաչ ու հարմարավետ անկյուն՝ միաժամանակ նպաստելով տեղանքի կլիմայական բնութագրի բարելավմանը: Նախատեսվող բարեկարգման ծրագրով հետագայում այստեղ կլինեն ճեմուղիներ, նստարաններ, արտաքին լուսավորություն:
Կարծիքներ