Լավրովը Ստամբուլում հանդիպում է անցկացրել Թուրքիայի իր պաշտոնակցի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը։
Երկու նախարարների հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։
Լավրովը Ստամբուլ էր ժամանել հոկտեմբերի 17-ին՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը, որի շրջանակներում քննարկվում են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերը։
«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը մասնակցելու համար Ստամբուլում են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։
Վրաստանի ներկայացուցիչներն այս ձևաչափով հանդիպումներին չեն մասնակցում։
Կարծիքներ