Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորում է սպասվում մոտ ժամանակում
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում ասել է, որ Իսրայելին ևս մի քանի օր է պետք՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունն ավարտելու համար, գրում է Axios պորտալը:
Բլինքենը, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնը ակնկալում է ռազմական գործողությունների դադարեցում մոտ ապագայում: Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները արգելափակելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հարցով Ֆրանսիայի նախաձեռնությունը:
Պաղեստինի և Իսրայելի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ֆրանսիական նախագիծը կարող է քվեարկության դրվել մեկ օրվա ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կազմակերպության դիվանագիտական աղբյուրներից:
Ֆրանսիայի ներկայացրած բանաձևի նախագիծը պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Իսրայելում և Գազայի հատվածում, մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի բնակիչներին:
Փաստաթղթի տեքստը չի պարունակում մեղադրանքներ հակամարտության կողմերից որևէ մեկին:
Պաղեստինյան Համաս շարժման ղեկավարն էլ հայտարարել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև զինադադարի պայմանագիր կարելի է կնքել մոտ ժամանակում մի քանի ժամվա կամ երկու օրվա ընթացքում: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերը միաժամանակ դադարեցնեն ռազմական գործողությունները:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով իսրայելական բանակի տվյալները, հայտնում է, որ լարվածության սրացման սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի տարածք է արձակվել շուրջ 4070 հրթիռ, որից 610-ը ընկել է հենց անկլավի շրջանում:
Կարծիքներ