Վահան Քերոբյանն ընդունել է խաղողագործներին, լսել նրանց դժգոհությունները, վերջիններս մեդալ են տվել նախարարին

Վահան Քերոբյանն ընդունել է խաղողագործներին, լսել նրանց դժգոհությունները, վերջիններս մեդալ են տվել նախարարին

Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց, այնուհետև՝ գնացել Էկոնոմիկայի նախարարություն։ Վերջիններս դժգոհել են մթերման ցածր գնից:

Նախարարությունում Վահան Քերոբյանը խոսել է խաղողագործների հետ, լսել նրանց, հստակեցրել խնդրի պատճառը։

Դահլիճում ծայր առած թեժ խոսակցությունից հետո հավաքված խաղողագործները նախարար Քերոբյանին մեդալ են նվիրել, ըստ իրենց, «սուտ խոսելու համար»։

Մեդալը հանձնելուց հետո խաղողագործները լքել են դահլիճը, որից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Այսօր կոնյակի համար խաղող մթերողները հիմնականում պետք է գնեն խաղողը, այնուհետև դրսի շուկայում վաճառեն։ Դոլարի կուրսի արժևորումը ստիպում է, որ նրանք դեպի ներքև վերանայեն խաղողի մթերման գները։ Այդ առումով Կառավարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել՝ սկսած նրանից, որ տարվա սկզբին սուբսիդավորել ենք պարարտանյութը, վարկերի տոկոսները, այժմ էլ՝ մթերման վարկերի տոկոսները, սակայն կիրառված այս գործիքները չեն հանգեցրել նրան, որ մենք ստանանք այնպիսի գին, որը ձեռնտու կլինի նաև խաղողագործներին։ Այդ արտադրանքը հիմնականում արտահանվում է, դա փոխկապակցված է դոլարի կուրսի հետ, և այսօր այս խնդիրն առաջացել է»,- մանրամասնել է նախարարը։

Նրա խոսքով՝ խաղողագործների 80 տոկոսն արդեն պայմանագրեր է կնքել, սակայն գործընթացն իր բնականոն ավարտին չի հասել։ Քերոբյանը ընդգծել է՝ մեխանիզմները կհղկվեն, և հաջորդ տարի ավելի լավ կաշխատեն։

Անդրադառնալով խաղողագործների տված մեդալին՝ Քերոբյանը վստահեցրել է, որ նրանք չեն կարող ցույց տալ, թե ինքն ինչն է սուտ ասել, քանի որ իր բոլոր ասածներն արել է ու շարունակում է անել։

Հարցին՝ ի՞նչ է անելու մեդալը, նախարարն ասել է՝ կմտածի։

Դիտարկմանը, որ առկա խնդիրների ֆոնին պարգևավճարներ են ստանում պաշտոնյաները, արդյոք չէ՞ր կարելի այն ներդնել խնդիրների լուծման համար, նախարարն արձագանքել է. «Պարգևավճարը գնում է էն մարդկանց, որոնք ևս ապրում են գնաճային միջավայրում, գնում է էկոնոմիկայի նախարարության մասնագետին, գլխավոր մասնագետին, մարդկանց, որոնք ևս հարկատու են և աշխատում են ՀՀ-ի համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում