Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը

Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը:

Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը.

 

«Հարգարժա՛ն պարոն Սխինաս, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Ուրախ եմ արձանագրել, որ այսօր մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների և դրանց ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ: Մեր երկկողմ հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ չեն եղել, ինչպես վերջին տարիներին՝ ընդգրկելով համագործակցության առանցքային ուղղությունները:

 

Գոհունակցությամբ ենք արձանագրում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր կարևոր բաղադրիչներով՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով և Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ։

 

ԵՄ կողմի հետ ներկայումս բանակցում ենք ավելի հավակնոտ և ընդգրկուն գործընկերության առաջնահերությունների նոր օրակարգը և դիմակայունության ու աճի ծրագիրը՝ միտված ընդլայնելու մեր համագործակցության հորիզոնները ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղություններով:

Բնականաբար, մենք շարունակում ենք հետևողական աշխատանքներ իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։

Հատկանշական է նաև ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման մեր համատեղ հարթակի գործունեությունը, որը հնարավորություն է տալիս ապահովելու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Այս համատեքստում շնորհակալություն ենք հայտնում եվրոպական կողմին Հայաստանի համար կենսական կարևորություն ներկայացնող ենթակառուցվածքների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ ակնկալելով այդ ուղղությամբ շարունակական փոխգործակցություն:

Կարևորում ենք նաև Եվրոպական միության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանի կայուն զարգացումը: Ինչպես գիտեք, Եվրոպական միության խորհուրդը սույն թվականի հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի համար երկու կարևոր որոշումներ՝ «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրման և մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ:

 

Այս որոշումները կարևոր քայլեր են ԵՄ-ի հետ գործընկերությունն առավել խորացնելու և համագործակցության մեխանիզմները ընդլայնելու մեր հանձնառությունների համատեքստում: Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք:

 

Մենք այս գործընթացին իրապես վերաբերում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգի: Եվ այսօր մենք պաշտոնապես ազդարարում ենք մի գործընթացի մեկնարկ, որի վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի (վիզաների) ռեժիմի ազատականացմանը։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Ավարտելով խոսքս՝ բոլորիս շնորհավորում եմ ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք»:

 

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հայտարարությունը․

«Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, թույլ տվեք ասել ինչքան երջանիկ եմ, որ այսօր Հայաստանում եմ: Շատ ուրախ եմ, որ փոխվարչապետ Գրիգորյանի հետ միասին ազդարարում ենք այս պատմական երկխոսության մեկնարկը քաղաքական մակարդակում՝ ուղղված Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացմանը: Շատ կարևոր, պատմական օր է, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, տարբեր նախարարությունների փոխնախարարներ մեզ ուղեկցում են այս կարևոր օրվա ընթացքում:

 

Ինչպես առիթ ունեցա քննարկել նախագահ Խաչատրյանի, վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հետ օրվա ընթացքում, մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը կայանում է՝ որպես կայունության և ողջախոհության խարիսխ շատ փոթորկահույս տարածաշրջանում: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների որակը և խորությունը վկայում են այն մասին, որ այս երկիրը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության գաղափարներին:

 

Վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու այսօրվա քայլը պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն. սա պետք է դիտարկել Եվրոպական միության Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորումը: Տնտեսության և ներդրումների ոլորտում մեր ամերիկյան բարեկամների հետ միասին հայտարարել ենք Դիմակայունության և աճի նոր ծրագրի մասին՝ 270 միլիոն եվրոյի չափով, այն 600 միլիոնից զատ, որն արդեն ներդնում ենք այս երկրում:

 

Անվտանգության առումով մենք շատ ուրախ ենք, որ Եվրամիության առաքելությունը Հայաստանում հիմա դառնում է Հայաստանի սահմաններին Եվրոպական միության աջակցության շոշափելի վկայություն: Մենք նաև շատ ուրախ ենք, որ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կարողանում է իր զինված ուժերի համար ստանալ աջակցություն եվրոպական խաղաղության գործիքի ներքո: Այս ամենը վկայում է այն մասին, որ այս երկիրը տպավորիչ ժողովրդական բարեփոխումներ է իրագործել, որոնցով վերջին տարիներին ամրապնդվել է երկրի դիմակայունությունը, և դրանցից շատերը նաև մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս են:

 

Բայց այսօրվա մեջ գործողությունը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պրակտիկայում կնշանակի, որ երբ իրագործման այս փուլն ավարտվի, Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել Եվրոպական միություն կարճատև այցերի համար, ինչը բազմաթիվ շոշափելի առավելություններ կընձեռի կրթության, բիզնեսի, զբոսաշրջության համար, ուսուցումների, վերապատրաստումների, ընկերներին և բարեկամներին հանդիպելու, ինչպես նաև սիրո համար:

 

Նպատակն է հնարավորինս շուտ հասնել վերջնակետին, բայց այս գործընթացում չկա ավտոմատիզմ, այս գործընթացը պահանջկոտ է լինելու: Այս գործընթացը պահանջելու զգալի աստիճանի հանձնառություն Հայաստանի կառավարությունից՝ մեր աջակցությամբ հանդերձ: Վստահ եմ, սակայն, որ, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տպավորիչ ձեռքբերումները և սրան հասնելու վճռականությունը, մենք արագ ենք առաջ շարժվելու:

 

Այսօր մեկնարկեցինք այս գործընթացը քաղաքական մակարդակում, տեխնիկական մակարդակում հիմա մեր թիմերն աշխատում են իրար հետ շատ կոնկրետ, որոշակի հարցերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է լուծել, մասնավորապես՝ ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ պայքարն ընդդեմ կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի և իհարկե հիմնարար իրավունքների խնդիրները՝ կապված տեղաշարժի ազատության հետ: Սա պահանջկոտ գործ է, պահանջկոտ խնդիր է, բայց իրագործելի, լուծելի է, ամբողջովին լուծելի խնդիր է:

 

Եվ ես համոզված եմ, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը մենք հայ ժողովրդին կօգնենք տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել:

 

Հարգելի փոխվարչապետ, մենք լիահույս սպասում ենք ապագայի մեր եռանդուն աշխատանքին, և ուրախ եմ, որ այս գործընթացի մասնակից հիմնական թիմերն այստեղ են մեզ հետ, և ուզում եմ լավատեսությունս հայտնել, որ վիզաների ազատականացումը շուտով իրականություն կդառնա բոլոր հայաստանցիների համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում