ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի սուվերեն պարտքի և ռուսական էլիտայի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի սուվերեն պարտքի և ռուսական էլիտայի դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության սուվերեն պարտքի դեմ՝ հայտնում է BBC-ն:

Ամերիկյան պատժամիջոցների տակ են մտնում ռուսական ռազմարդյունաբերական համալիրը սպասարկող Промсвязьбанк-ը, ինչպես նաև ВЭБ պետական ներդրումային բանկը, որը ֆինանսավորում է տնտեսության զարգացման նախագծերը։

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրին, հաղորդում է, որ պատժամիջոցների ցուցակում կարող են հայտնվել Сбербанк-ը և ВТБ-ն: «Ռուսաստանի որևէ ֆինանսական կառույց անվտանգ չի լինի, եթե ներխուժումը շարունակվի»,- հայտարարել է գործակալության աղբյուրը:

Բացի դրանից՝ Բայդենը հայտարարել է, որ առաջիկայում կհրապարակվեն Ռուսաստանի ղեկավարության այն ներկայացուցիչների անունները, որոնց նկատմամբ անձնական պատժամիջոցներ կկիրառվեն:

Իր ելույթում ԱՄՆ նախագահը պնդել է, որ Ռուսաստանը սկսել է ներխուժումն Ուկրաինա և կրում է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը:

Ամերիկացի առաջնորդը կարգադրել է լրացուցիչ զորակազմ տեղափոխել Արևելյան Եվրոպայի դաշնակից երկրներում։

Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել փետրվարի 24-ին նախատեսված՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Բլինքենը հայտարարել է, որ համաձայնել էր հանդիպել իր գործընկեր Լավրովի հետ՝ պայմանով, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա: Սպիտակ տնից էլ հայտնել են, որ այս պահին Բայդեն-Պուտին հանդիպում նույնպես նախատեսված չէ:

Չեղարկվել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Փարիզում նախատեսված հանդիպումը: Ֆրանսիացի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ բանակցությունները հնարավոր են այն դեպքում, եթե Ուկրաինա ներխուժումը չլինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում