Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով չի ավելացվելու. Սիմոնյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները շարունակվում են:
Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք դրանք փակուղում են:
«Ո՛չ, փակուղում չեն: Քննարկումները շարունակվում են, բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով և քայլով չի ավելացվելու»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին, հարցին՝ ի՞նչ է ցանկանում հիմա Ադրբեջանը, Սիմոնյանը պատասխանել է.
«Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին: Իրենք շատ լավ ասում են, թե Ադրբեջանն ինչ է ուզում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ Ադրբեջանը կրակում է, ուրեմն ամեն ինչ ձեզ մոտ չի ստացվելու:
Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա: Կրակեցին, չկրակեցին, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, հետևություններ ենք անում»:
Արդյոք մտավախություն չունի՞ իշխանությունը, որ կարող է էսկալացիա առաջանալ, Ալեն Սիմոնյանը նշել է՝ կարող է էսկալացիա լինել և կրակոց չլինել:
Նրա խոսքով՝ կա հիմնական պրոցես, որին հետևելով ու տանելով է, որ դու կանխում կամ կանխատեսում ես նման բաները:
«Մինչև 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել, մինչև 2018-ը բազմաթիվ մահեր են եղել բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել: Հիմա ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ»,- ասել է Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգ այցի ընթացքում փոքր առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ:
«Իմ տպավորություններով՝ կարծում եմ՝ որևէ փակուղու մասին պետք չէ խոսել, չի կարելի խոսել, և գործընթացը նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք»,- ասել է նա:
Կարծիքներ