Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ,
1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը:
Այս տարեդարձը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում, երբ դեռ չեն սպիացել պատերազմի անդառնալի կորուստների վերքերը, երբ մեր առաջնահերթ հարցերը շարունակում են մնալ արցախահայության անվտանգության ապահովումն ու խաղաղ ապրելու իրավունքի անձեռնմխելիությունը:
Նոր պատերազմի սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական ու մարդասիրական հարցերը Հայաստանի և Արցախի մշտական օրակարգային առաջնահերթություններն են: Դրանք չեն կարող լուծվել առանց քաղաքականապես և տնտեսապես ուժեղ, զարգացած Հայաստանի գոյության, առանց առկա ներուժի լիարժեք օգտագործման ու մեր միջազգային գործընկերների հետ արժանապատիվ ու ամբողջական համագործակցության, առանց միջազգային իրավունքների ու մարդասիրական նորմերի երաշխավորման:
Մեր ժողովուրդն այսօր կրկին կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել տոկունությամբ, միասնական ջանքով, համազգային ներուժի գիտակցմամբ ու համախմբումով:
Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու և արարելու գրավականը:
Այսօր մենք խոնարհվում ենք հանուն Արցախի իրավունքների ու պաշտպանության զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ և հանձնառու ենք կայուն և հարատև խաղաղություն՝ Հայաստանի, Արցախի ու մեր տարածաշրջանի համար»,- ասված է Խաչատուրյանի ուղերձում:
Կարծիքներ