Արցախի օպերատիվ շտաբը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները. Ռուբեն Վարդանյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Արցախի օպերատիվ շտաբը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները. Ռուբեն Վարդանյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ նշելով, որ 67-օրյա շրջափակման իրողություններում ձեռքբերում է համարում այն, որ Օպերատիվ շտաբը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները։

«Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անելիքներ ես նախանշել, ինչպես ես պատկերացնում զարգացման ուղղություններն ու տեսլականը: Իմ պաշտոնավարման 100 օրվանից 67-ը շրջափակման մեջ է անցել: Այսինքն, 1 600 ժամ շրջափակման մեջ ենք:

Այս իրողություններում ձեռքբերում եմ համարում այն, որ Օպերատիվ շտաբը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, լուծումներ գտնել ամեն օր ի հայտ եկող նոր մարտահրավերներին և, ամենակարևորը, ամեն կերպ կանխել տարբեր ոլորտներում հնարավոր կոլապսի առաջացումը։

Այս 100 օրը, բարդությունների հետ մեկտեղ, զարմանալի բացահայտումների շրջան էր: Ես, առաջին հերթին որպես մարդ, ով ստանձնել է պետնախարարի պաշտոնը,փորձել եմ ուսումնասիրել ու հասկանալ` ինչ է կատարվում պետական համակարգում ու Արցախում: Փորձել եմ թույլ չտալ ձախողվել ծանրագույն ճգնաժամի պայմաններում: Սա միասնական պայքարի ու դիմադրության փուլ է բոլորիս համար: Այս ամբողջ ընթացքում մենք եղել և շարունակում ենք մնալ մշտական արտաքին ճնշման և ներքին հակադրության պայմաններում, որոնց, սակայն, չի հաջողվել խաթարել մեր ծրագրերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ռուբեն Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեղադրել տեսանյութ:

Նա հավելել է, որ պաշտոնավարման սկզբում ուսումնասիրել են խնդիրները և կանխորոշել դրանց լուծման ուղիները` առաջնորդվելով հստակ ձևակերպված սկզբունքներով` համակարգային մոտեցում, հետևողականություն, թափանցիկություն, հաղորդակցություն, կարգապահություն, թիմային աշխատանք, ինչպես նաև հավատ սեփական ուժերի, արդարության, իշխանության և ապագայի հանդեպ, հարգանք` գիտելիքի, ավանդույթների և աշխատանքի հանդեպ: «Ստեղծել ենք բացառիկ կոլեկտիվ, որում համախմբվել են, կողք կողքի աշխատում ու համագործակցում են կառավարության անդամներ, պատգամավորներ, հանրային ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։

Այսօր վստահ կարող եմ ասել, թե ինչ է Արցախը: Ավելի քան երկու ամիս տևող այս շրջափակման ժամանակ տեսանք, որ մեր ժողովուրդը չի ցանկանում հանձնվել և հրաժարվել Արցախից: Պատրաստ է հանդուրժել ամեն դժվարություն, ունի բավարար կամք ու համառություն՝ այս փորձությունների միջով անցնելու համար: Արժանի պետք է լինենք այս ժողովրդին առաջնորդելուն: Մենք ունենք ամեն ինչ՝ պատմական այս բարդ փուլը հաղթահարելու համար՝ հավատ, կամք, ոգի ու միասնականություն: Ես հավատում եմ, որ ոգին ու կամքը անգամ չնչին հնարավորության դեպքում կարող են հաջողություն բերել: Ու ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ դրա համար»,- ընդգծել է Արցախի պետական նախարարը՝ եզրափակելով, որ սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում