Արարատ Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանի կողմից արձանագրված կարևոր առաջընթացը, այդ թվում՝ մամուլի ազատության մասով։
Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում առկա ցուցանիշներին և այս ուղղությամբ ՀՀ կողմից ցուցաբերված հանձնառությանը։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։
Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում բազմակողմ հարթակների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ