Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդկությանը. Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուատբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթիֆ Մուջլի Ալ-Շուվայլին այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Նրանք եղել են նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:
Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում գրառել է. «Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը, մարդկությանը: Հույս ունենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի: Մաղթում ենք լավագույնը հայ ժողովրդին ու պետությանը»:
Կարծիքներ