Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ. լուսանկարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը:
Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են կատարված աշխատանքները: Նշվել է, որ մինչ ծրագրի իրականացումը մանկապարտեզում գործում էր 3 խումբ, և երեխաների մի մասը հնարավորություն չուներ հաճախելու մանկապարտեզ: Վերանորոգումից և ընդլայնումից հետո կավելանա ևս 1 խումբ՝ 40 տեղով, և հաստատությունը կաշխատի լիարժեք՝ 120 տեղ ծանրաբեռնվածությամբ: Աշխատանքները վերջնական փուլում են, ավարտին կհասցվեն այս տարվա հոկտեմբերի վերջին: Հիմնանորոգման պայմանագրային արժեքը 18 մլն դրամ է, որի 65 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 35-ը՝ Լճաշենի համայնքապետարանը: Մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ 2018 թ. ՀՀ կառավարության հրատապ ծրագրով բարեկարգվել է մանկապարտեզի բակը: Իսկ ընդհանուր առմամբ 2019 և 2020 թթ. Լճաշենում 7 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, այդ թվում՝ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհները, կառուցվել է համայնքի երկրորդական փողոցների լուսավորության ցանց և ենթակառուցվածքների զարգացման այլ ծրագրեր:
Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գանձակ համայնքն էր: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գանձակի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման, ինչպես նաև համայնքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքներին: Նշվել է, որ Գանձակի Բաղրամյան փողոցը հիմնանորոգվում է պետական միջոցներով։ Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջին, կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Ճանապարհի երկարությունը 2 կմ է, ասֆալտապատվող մակերեսը` 13000 քմ.։ Այս պահի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 60 տոկոսը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 307 մլն 750 հազ. դրամ է: Իսկ համայնքի կենտրոնական հրապարակը վերակառուցվում է 14 մլն 500 հազ. դրամ պայմանագրային արժեքով սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2 շաբաթ առաջ: Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կանաչապատվելու է տարածքը տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները, կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գանձակի գյուղի կենտրոնում պահպանվող 9-րդ դարի Սբ. Գևորգ եկեղեցի, շրջել եկեղեցու բակում և ծանոթացել պատմաշակութային հուշարձանի պատմությանը։
Գանձակից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Ծովասար համայնք, որտեղ իրականացվող սուվենցիոն ծրագրի շրջանակում համայնքն առաջին անգամ մանկապարտեզ կունենա: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ծրագրի վերաբերյալ. շինարարությունը մեկնարկել է 2019թ., ավարտը նախատեսված է 2020թ. վերջին: Նախատեսվում է մանկապարտեզի նոր շենքի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում: Ծրագրի պայմանագրային արժեքը 203 մլն դրամ է, որի 65 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 35-ը՝ Ծովասարի համայնքապետարանը: Նորակառույց մանկապարտեզն ունենալու է 100 տեղ՝ 4 խմբով: Այս պահին շինարարությունն իրականացվել է 50-60 տոկոսով: Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ Ծովասարի սուբվենցիոն ծրագիրը 3 կարևոր բաղադրիչ ունի՝ համայնքն առաջին անգամ կունենա մանկապարտեզ, ծրագրին մասնակցում են պետությունը, համայնքը և համայնքային ներդրողները, շինաշխատանքներում ներգրավված են համայնքի բնակիչները:
Կարևորելով Ծովասարում առաջին անգամ գործող մանկապարտեզի կառուցումը՝ վարչապետն ընդգծել է. «Սա մեր սուբվենցիոն ծրագրերի ամենալավ բաղադրիչն էր, որ կիրառեցինք, երբ իրականում կա ոչ թե 2, այլ 3 կողմ, այսինքն՝ համայնքը, կառավարությունը և տեղի բնակիչները կամ բարերարները: Եվ սա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալիս, որովհետև եթե համայնքն առանձին գործն աներ, փոքր մասշտաբի գործ էր ստացվելու, կառավարությունը՝ նայած, և բարերարներն էլի վերցնում էին, շատ մեծ մասշտաբ հիմնականում չէր լինում: Իսկ երբ 3 սուբյեկտը միանում են, արդեն լինում է շոշափելի կապիտալ արդյունք, որն արդեն ոչ միայն շենք է, այլև երեխաների, սերնդի զարգացման գործում շատ լուրջ և էական ներդրում է»:
Շարունակելով Գեղարքունիքի մարզով աշխատանքային այցը՝ կառավարության ղեկավարը հաջորդիվ այցելել է Լիճք, Վարդենիկ և Արծվանիստ համայնքներ: Առաջին 2 համայնքներում՝ սուբվենցիոն, իսկ Արծվանիստ համայնքում՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ: Վարչապետ Փաշինյանը տեղում հետևել է կատարվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, հետաքրքրվել աշխատանքի որակով և նաև աշխատանքային պայմաններով:
Գեղարքունիքի մարզ վարչապետի աշխատանքային այցը եզրափակվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի շինարարական տեղամասեր շրջայցերով:
Կարծիքներ