Դեսպան Մինասյանն ու Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդը քննարկել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները

Դեսպան Մինասյանն ու Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդը քննարկել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ապրիլի 16-ին հանդիպել է Ալբա Յուլիայի ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեյին (Kovács Gergely): Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: 

Շնորհավորելով դոկտոր Գերգեյին Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ նորանշանակ առաջնորդը նոր լիցք կհաղորդի Ռումինիայում բնակվող հայ կաթոլիկ համայնքի հոգևոր կյանքին ու ինքնության պահպանմանը, ինչպես նաև Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի՝ իր պատմական Հայրենիքի հետ կապերի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով, մասնավորապես, պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգության պահպանմանը:

Զրուցակիցները մանրամասն քննարկել են անցյալ տարի աշնանն Արցախի դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, դրա քաղաքական և հումանիտար հետևանքներին: Երկուստեք ընդգծվել է  նաև Արցախի պատմական ու եկեղեցական ժառանգության պահպանման կարևորությունը, ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական եկեղեցական ժառանգության յուրացման քաղաքականության անթույլատրելիությունը:

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատման անհրաժեշտությանը՝ կողմերը հատուկ ընդգծել են Սուրբ Հարության տոնի առթիվ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ուղերձում այդ հարցին անդրադառնալու կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում