Ես իմ կարծիքը կհայտնեմ վարչապետին, կստանձնեմ պատասխանատվությունը. Քերոբյանը՝ կոռուպցիոն մեղադրանքների մասին
«Ես 100 տոկոսով չեմ կարող խոսել որևէ անձի մասին, բացի ինձնից, բայց այս պահին եղած մեղադրանքը և իմ գիտելիքները թույլ են տալիս ասել, որ մեր գործողություններում ոչ մի անօրինականություն չկա: Չեմ կարծում, որ անգամ անփութություն կա»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով նախօրեին համացանցն ու լրատվամիջոցները հեղեղած աղմկահարույց ձերբակալությունները և պաշտոնից ազատված ու կոռուպցիոն չարաշահումների մեղադրանքների կիզակետում հայտնված Անի Իսպիրյանին:
«Մենք բացառապես օրենքի տառին համաձայն ենք շարժվել։ Ինձ համար մարդը մեղավոր է, երբ իր նկատմամբ մեղադրական ակտ կա»,- ասել է նա:
Հարցին՝ ինչո՞ւ նախարարությունը ներքին քննություն չի իրականացնում այս դեպքերի հետ կապված, նախարարը պատասխանել է, որ ամեն տարի արվում է ներքին աուդիտ, դրանից հետո հայտնաբերվում են ռիսկեր, փակվում այդ ռիսկերը և ամեն ծրագիր դինամիկ վերահսկողության տակ է առնվում, հետևաբար՝ կարիք չկա որևէ լրացուցիչ ներքին քննություն իրականացնել։
«Այս ամենը ազդում է նախարարության աշխատանքի վրա։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ աշխատակիցների մոտ վերադառնա այն վստահությունը, որ իրենց ազնիվ աշխատանքը երբևիցե չի պատժվի։
Նիկոլ Փաշինյանը մեզ մի քանի անգամ ասել է, որ կոռուպցիոն երևույթները, որոնք կան գերատեսչություններում, ի վերջո գերատեսչության ղեկավարի պատասխանատվությունն է, և ես դրա վերաբերյալ բնականաբար իմ կարծիքը և որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը»,-եզրափակել է Քերոբյանը:
Կարծիքներ