Նեթանյահուն կոչ է արել թույլ չտալ, որ նոր ձևավորված կոալիցիան իշխանության գա
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խստորեն քննադատել է նոր ձևավորված կոալիցիան, որը կարող է վերջ դնել իր 12 տարվա վարչապետությանը: BBC-ի փոխանցմամբ՝ նա խորհրդարանի աջակողմյան ուժերի ներկայացուցիչներին կոչ է արել թույլ չտալ, որ կոալիցիան իշխանության գա:
Չորեքշաբթի երեկոյան 8 ընդդիմադիր կուսակցություններ համաձայնության են եկել միասին նոր կառավարություն կազմելու շուրջ: Սակայն մինչև նոր կառավարություն կազմելը, 10 օրվա ընթացքում Իսրայելի Կնեսետում պետք է քվեարկություն տեղի ունենա նոր կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցով։
Կոալիցիայի ձևավորման շուրջ իր առաջին մեկնաբանություններում Նեթանյահուն «աջակողմյան ձայներ ստացած» Կնեսետի անդամներին կոչ է արել դեմ դուրս գալ կոալիցիային, որոնց բնութագրել է որպես «ձախակողմյան» և «վտանգավոր»: Մինչ այդ նա հնարավոր նոր կառավարությունն անվանել էր «դարի կեղծիք»՝ նշելով, որ այն վտանգում է Իսրայել պետությունը և ժողովրդին։ Նեթանյահուի ընդդիմադիրները կասկածում են, որ առաջիկա օրերին նա կփորձի իր կողմը գրավել պատգամավորներից մի քանիսին և ստիպել նրանց քվեարկել կոալիցիայի դեմ:
Կոալիցիան կազմել է «Յեշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը, որի գլխավոր գործընկերը ազգայնական «Յամինա» կուսակցության ղեկավար Նաֆթալի Բենեթն է։ Ռոտացիոն կարգով, նախ, վարչապետի պաշտոնը 2 տարով կստանձնի Բենեթը, այնուհետև՝ ևս 2 տարով Լապիդը՝ մինչև նոր ընտրությունները։ Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ կոալիցիոն կառավարության մեջ կմտնի արաբական իսլամիստական «Ռաամ» կուսակցությունը, որը ներկայացնում է Իսրայելի՝ 21 տոկոս կազմող արաբական փոքրամասնությունը։ Կոալիցիայի մեջ է մտել նաև Նեթանյահուի նախկին գործընկեր Ավիգդոր Լիբերմանը:
Եթե նոր կառավարություն չձևավորվի, ապա Իսրայելը ստիպված կլինի գնալ հերթական ընտրությունների, ինչը կլինի վերջին երկու տարվա ընթացքում 5-րդը։
Կարծիքներ