Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածելու մասին տեղեկատվությունը. Պեսկով
Ռուս զինվորականները ստուգում են Հայաստանի փոխանցած տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել այսօր ՀՀ տարածքին:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA-ն:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառի հետ սահմանակից գոտում, մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
«Մեր պաշտպանական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկատվությունը, նրանք մշտական կապ մեջ են 2 կողմերի գործընկերների հետ: Ստացված տեղեկությունն ուսումնասիրվում եւ ստուգվում է»,- հայտարարել է Պեսկովը:
Ճշտող հարցին, թե հաստատվելու դեպքում կարո՞ղ են ուժի մեջ մտնել ՀԱՊԿ-ի որոշ մեխանիզմներ, Կրեմլի ներկայացուցիչն ի պատասխան՝ հորդորել է սպասել ստուգումների արդյունքներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության ու հարձակման դեպքում Ռուսաստանը պարտավոր է միջամտել՝ ըստ ՀԱՊԿ կանոնադրության:
Կարծիքներ