Հնարավոր է՝ վարորդների բողոքի վրա բենզին լցրած լինեն «ներքևից վերև» ստվերային եկամտի մաս ստացողները. Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին, գրել է․
«Փորձել եմ հավասարապես բոլոր կողմերից նայել Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդների բողոքի խնդրին, լսել բոլոր կողմերի փաստարկները, որոնք հնչել են տարբեր լրատվամիջոցներով։
Վարորդների պահանջները շատ անհամասեռ են՝ պայմանագրում գրված դրույթների 100 տոկոսանոց կիրառումից /ոմանք պնդում են, որ 14 ժամի փոխարեն աշխատեցնում են 16-18 ժամ/ մինչև տուալետի հարց, ավելի համարձակներն անգամ պնդում են ավելացնել աշխատավարձերը՝ «ներառելով ստվերային եկամուտը», որը վերացել է վճարումների ու տոմսերի նոր համակարգի ներդրման արդյունքում։
Քաղաքային իշխանությունները՝ ի դեմս քաղաքապետ Ավինյանի հայտարարել են, որ «շանտաժի չեն տրվելու», իսկ անհնազանդ վարորդները կազատվեն աշխատանքից։ Կարծեք թե արդեն նաև ազատվածների շուրջ երկու տասնյակի (18) թվեր են շրջանառվում։ Քաղաքապետարանը նաև «հիշեցրել է» 14 օրվա համար երեք տեսակի ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդների մաքուր աշխատավարձերի չափը, որը եթե անգամ չհամարենք երջանիկ ու ապահով ապրելու եկամուտ, այդուհանդերձ համեմատության մեջ ավելին են, քան մանկավարժի, բժշկի, սահմանապահի, պայմանագրայինի ու այլ մասնագիտությունների աշխատավարձերը։
Բողոքող վարորդներից ոմանք պնդում են, թե քաղաքային իշխանության մի պաշտոնյա իրենց խոստացել է բարձրացնել աշխատավարձը, սակայն խոստումը դրժել են։ Ըստ որում՝ ակնարկվեց նաև, որ ստվերային գումարներից նաև տրվել է վերև։ Սա, բավական ականջ ծակող հայտարարություն է, ու հատուկ առանձնացրեցի։
Հնարավոր է, որ նաև սխալվեմ, բայց կարծեք թե գործադուլի ակունքները միայն վարորդների տարատեսակ պահանջները չեն՝ որոշ դեպքերում հիմնավոր, որոշները, ինչպես, օրինակ, ստվերային եկամուտի մասով, անհիմն։ Ըստ որում՝ հնարավոր է, որ վարորդներին բողոքի վրա բենզին լցրած լինեն նրանք, ովքեր «ներքևից վերև» ստացել են ստվերային եկամտի մի մաս, և այժմ նրանք են զրկվում ոչինչ չանելով գումար գրպանը դնելու հնարավորությունից։ Այլապես ինչու պետք է միջին տրամաչափի մի պաշտոնյա առանց ունենալու «շանտաժի չտրվող» քաղաքապետի համաձայնությունը, կանգներ ու վարորդներին տար մի խոստում, որը չէր կատարվելու, բայց թեժացնելու էր կրքերը․․․
Կարծում եմ, հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ շրջանակի մասին է խոսքը»:
Կարծիքներ