Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսության ռազմավարական հարցերի շուրջ
Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Նախ կայացել է երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Վարչապետներն ընդգծել են պատմամշակութային ամուր կապերը, որոնք միավորում են երկու ազգերին։
Նշվել է, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսություն ռազմավարական հարցերի շուրջ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Կարևորվել են ինտենսիվ շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, անդրադարձ կատարել տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:
Կարծիքներ