ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ
Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ՊԲ ռազմական ենթակառուվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին:
Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասում նա հանդիպում է ունեցել N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ, տեղեկացել նշված ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում նաև բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների ծավալներից, ՊԲ ունեցած զինծառայողների մարդկային կորուստներից, դիերի փոխանակման և անհետ կորած համարվողների փնտրման աշխատանքներից:
Վահե Հարությունյանը հանդիպել և զրույցել է նաև նշված պաշտպանական ուղղությամբ առ այսօր մարտական հերթապահության մեջ գտնվող կամավորականների հետ, հետաքրքրվել նրանց կենսապայմաններից, առողջական, բարոյահոգեբանական վիճակից:
ՀՀ զինվորական դատախազը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ իրենց առջև դրված մարտական խնդիրները մեծ պատասխանատվությամբ, նվիրվածությամբ կատարելու, ժամկետային և պայմանագրային զինծառայողներին թև ու թիկունք դառնալու, իրենց ներկայությամբ և մինչև վերջ նրանց հետ թշնամում դեմ կռվելու վճռականությամբ վերջիններիս ոգևորելու, միասնականության ոգի հաղորդելու համար:
ՀՀ զինվորական դատախազն այցելել է նաև Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ ԱՀ ՊԲ բուժծառայության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի և զինհոսպիտալի պետ, փոխգնդապետ Զորիկ Սահակյանի հետ քննարկել է պատերազմի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բուժման և կազդուրման ընթացքից, բուժսպասարկման ընդհանուր պայմաններից ու վիճակից, զինծառայողների առողջապահական իրավունքների ապահովման կարիքներից:
Նա բարձր է գնահատել պատերազմի ողջ ընթացքում և հրադադարի հաստատումից հետո բուժանձնակազմի կողմից կազմակերպված և համակարգված կերպով կատարված հսկայածավալ և անգնահատելի աշխատանքը, առանձին դեպքերում սխրանքները՝ ինչպես անմիջականորեն մարտերի ընթացքում ռազմի դաշտից վիրավորների դուրսբերման աշխատանքներին երբեմն կյանքի և առողջության գնով անմիջական մասնակցություն ունենալու, այնպես էլ իրենց պրոֆեսիոնալ մոտեցմամբ և հոգատարությամբ բազմաթիվ երիտասարդ կյանքեր փրկելու համար:
Վահե Հարությունյանը շրջել է զինհոսպիտալում, հանդիպել բուժում ստացող զինվորներին, քաջալերել նրանց՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
Կարծիքներ