Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որտեղ նշվում է, որ Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։

«Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Արցախը Ադրբեջանին միացնելու ցանկացած գործընթաց ինքնին տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:

Հայտարարությամբ պահանջում են՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով, քանի որ, ըստ հայտարարության, որևէ իշխանություն իրավունք չունի ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

«Արցախահայության անունից դիմում ենք

Աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն  կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները՝ որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում