Շիրակի մարզում նորածին երեխայի ապօրինի առուվաճառքի դեպք է պարզվել. Տղամարդը կեղծ հայրություն է ճանաչել
Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվող դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համակարգված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհին իր նորածին երեխային 1.200.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է Երևան քաղաքի բնակիչ ամուսիններին։
Իրականացված հետաքննության արդյունքում ձեռք են բերվել արժանահավատ տվյալներ առ այն, որ 1992 թվականին ծնված Արմավիրի մարզի բնակչուհին, փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Գյումրի քաղաքի 1989 թվականին ծնված բնակչի հետ, և վերջինիս ՌԴ-ում գտնվելու ընթացքում՝ 2018թ. օգոստոսի 20-ին, ծննդաբերել է աղջիկ երեխայի, որից հետո ամուսնուն և սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել այն մասին, որ երեխան մահացել է: Այնինչ երեխային իր մոր օգնությամբ 1.200.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է Երևան քաղաքում բնակվող ամուսնական զույգի:
Պարզվել է նաև, որ երեխայի մայրը և Երևան քաղաքի բնակիչը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններ երեխայի հայրության վերաբերյալ և այդ կերպ կարողացել են գրանցել երեխայի հայրության ճանաչման կեղծ փաստը։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են եղել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու հանցագործությունների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և 169.1-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ։
Կարծիքներ