Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 27-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։
Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են նաև «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արա Մարկոսյանը, այլք։
Նշենք, որ ամերիկյան «Զայլինքս» (Xilinx) ընկերությունը, որի հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել էր 2019 թվականին, 2022 թվականի փետրվարին միավորվել է միկրոսխեմաներ և պրոցեսորներ արտադրող «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերությանը։ Վերջինս մասնագիտացած է տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար նորարարական և ինժեներական լուծումների մշակման աշխատանքներում։
Փոխվարչապետ Մաթևոսյանը, կարևորելով «Էյ Էմ Դի» համաշխարհային տեխնոլոգիական ընկերության` Հայաստանում ներկայացված լինելը, հույս է հայտնել, որ, տեղական ներուժն օգտագործելով, հայաստանյան գրասենյակը կդառնա Ընկերության կարևոր բաղկացուցիչ մասը` նպաստելով համաշխարհային խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու առաքելությանը:
Անդրադառնալով Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանն ու իրականացրած ծրագրերին՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ դրանց նպատակն է ինչպես խրախուսել Հայաստանում StartUp-ների հիմնադրումն ու գործունեությունը, այնպես էլ ներգրավել առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, որոնք նոր որակ կհաղորդեն հայաստանյան ՏՏ էկոհամակարգին:
Այս համատեքստում փոխվարչապետը Կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու Ընկերության զարգացման տեսլականը և անդրադառնալու այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու համար:
Ընկերության փոխնախագահները ներկայացրել են Ընկերության կողմից առ այսօր կատարված աշխատանքները, դրա զարգացման հեռանկարները և ծրագրերը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։ Փոխնախագահներն ընդգծել են, որ իրենց Ընկերության համար անհրաժեշտ տաղանդավոր երիտասարդներ Հայաստանում շատ կան, ու կանեն առավելագույնը նրանց բացահայտելու, հավելյալ կրթելու և Ընկերության կազմում ներգրավելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պետական հատվածի թվային օրակարգի շրջանակում հնարավոր համագործակցության և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները և, հաշվի առնելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020 թվականից որակյալ մասնագետների պատրաստման նպատակով իրականացնում է մի շարք ծրագրեր, անդրադարձ է կատարվել նաև անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը։
Կարծիքներ