ՀՀ վարչապետը և Չեխիայի նախագահը անհրաժեշտ են համարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարումը
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կարևորվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը: Հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության բնագավառներում գործակցությունը: Չեխական կողմը նշել է, որ հետաքրքրված են հայաստանյան «Թումո» կենտրոնների փորձով և Պրահայում նման կենտրոնի բացման ուղղությամբ համագործակցությամբ:
«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության հետևողական արձագանքի կարևորությունը: Երկուստեք շեշտվել է միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական երկխոսությանը:
Կարծիքներ