Երկու անձ ձերբակալվել է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենքի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փակել են երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: «Ցուցարարներին բարձրախոսների միջոցով հորդորվել է ազատել փողոցի բանուկ հատվածը, այն ազատելու համար ողջամիտ ժամանակ է տրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Այս կապակցությամբ, բերման ենթարկելու նպատակով, նրանց նստեցրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ ցուցարարներից երկուսը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել են և հայհոյել, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նշված երկու անձինք ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ