Սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ. 2020-2021 ուսումնական տարվա պլանները հաստատվել են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների (պետական և դպրոցական) և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը` սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:
Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։
Ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է վերոնշյալ հրամանով հաստատված ուսումնական պլանների հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):
2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։ Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման։ Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Դասի տևողությունը 45 րոպե է:
ԿԳՄՍ նախարարություն
Կարծիքներ