Մերձավան համայնքը մի քանի միլիոն դրամի վնաս է կրել. ինչ է արել նախկին համայնքապետ Լևոն Գրիգորյանը, որ փուլում է գործը
Մերձավան համայնքի նախկին ղեկավար Լևոն Գրիգորյանի հետ կապված գործը Հակակոռուպցիոն դատարանում է՝ վկաների հարցաքննության փուլում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ շուտով հասնելու է ամբաստանյալների հարցաքննության փուլը:
Նկատենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն էին դիմել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ (համայնքը խոշորացվել է և այժմ Փարաքար համայնքի կազմում է) և հայտնել, որ համայնքի նախկին ղեկավարը՝ ՀՀԿ-ական Լևոն Գրիգորյանը, իր պաշտոնավարման տարիներին անօրինականություն է թույլ տվել և օգտվելով բնակիչների անտեղյակությունից՝ նրանցից անհիմն գանձել գումարներ։
Բանն այն է, որ, Մերձավանի բնակիչների խոսքով, Գրիգորյանն ամեն տարի՝ բյուջեն հաստատելուց առաջ, կոյուղիների մաքրման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել կամայական անձի հետ և յուրաքանչյուր ամիս համայնքային բյուջեից 100 հազար ՀՀ դրամ գումար հատկացրել: Սակայն այս ամենին զուգահեռ բնակիչներից գանձվել է տարեկան 1000-ական դրամ կոյուղու սպասարկման գումար։
Նրա պաշտոնավարումից հետո, երբ Մերձավանի բնակիչները գնացել են Փարաքար խոշորացված համայնքում աղբահանության վճարների հետ նաև կոյուղու սպասարկման գումար վճարելու, համայնքապետարանում զարմացել են, հայտնել, որ դրա կարիքը չկա:
Մի խումբ այլ մերձավանցների պնամամբ էլ՝ 2018 թվականին Լևոն Գրիգորյանը աճուրդային կարգով, ընդամենը 100 հազար ՀՀ դրամ արժեքով իր եղբորն է օտարել համայնքային սեփականություն հանդիսացող Մերձավանի լիճը։
Հիշեցնենք, որ Լևոն Գրիգորյանի որդին՝ Վոլոդիա Գրիգորյանը, Փարաքար խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցությունով առաջադրել էր իր թեկնածությունը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
Կարծիքներ