Ըմբիշներ Լյովիկ Միքայելյանն ու Լյովա Գևորգանը դուրս եկան Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ

Ըմբիշներ Լյովիկ Միքայելյանն ու Լյովա Գևորգանը դուրս եկան Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ

Գերմանական Դորտմունդում ընթացքի մեջ է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Նախօրեին տեղի էին ունեցել 5 քաշային կարգի նախնական գոտեմարտերը, որոնց արդյունքներով 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն դուրս էր եկել եզրափակիչ, իսկ 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանն ու 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը պետք է անցկացնեին սփոփիչ գոտեմարտեր:

Այսօր տեղի ունեցած սփոփիչ գոտեմարտերում Տիգրան Ղազարյանը 6-11 հաշվով զիջեց վրացի Գիորգի Չիլաձեին ու դուրս մնաց հետագա պայքարից: Նարեկ Հարությունյանը 10-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ գերմանացի Սիմոն Մոնցի նկատմամբ և իրավունք ստացավ այսօր երրորդ տեղի համար գոտեմարտել վրացի Դավիթ Պացինաշվիլիի հետ:

Այսօր տեղի ունեցան նաև մյուս 5 քաշային կարգերի նախնական գոտեմարտերը, որոնցում գերազանց հանդես եկան հայ 2 ըմբիշները:

61 կգ քաշային Լյովիկ Միքայելյանը: Նա իր առաջին գոտեմարտում 6-4 հաշվով հաղթեց թուրք Համզա Զոպալիին, ընդ որում, գոտեմարտի ընթացքում պարտվում էր 0-4 հաշվով: Այնուհետև 14-4 հաշվով պարտության մատնեց բելառուս Իվան Հրամիկային: Կիսաեզրափակչում էլ 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ մոլդովացի Պավել Անրուսկայի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ վաղը կհանդիպի ադրբեջանցի Քանան Հեյբատովին:

92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով պարտության մատնեց սլովակ Ռիչարդ Շկոդային, հաջորդ փուլում 7-2 հաշվով հաղթեց մակեդոնացի Ռեջեպ Հայդարիին, բայց կիսաեզրափակչում 0-3 հաշվով զիջեց գերմանացի Յոհանես Մայերին ու վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

125 կգ քաշային պտանիների Եվրոպայի նախկին չեմպիոն Լյովա Գևորգյանը (լուսանկարում) մեկնարկային երկու գոտեմարտերում 10-0 հաշվով հաղթեց լեհ Յակուբ Չերժակին և մոլդովացի Դանիել Պիրտաչիին: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը ռուսաստանցի Արսամագ Զասեևն էր: Գևորգյանը հաղթեց 10-2 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի մեկ այլ ադրբեջանցի Այդին Ահմադովի հետ:

Մեդալների համար պայքարից դուրս մնաց 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը: Նա առաջին գոտեմարտում 10-0 հաշվով հաղթեց իտալացի Լուկա Ֆինիցիոյին, սակայն հաջորդ փուլում 6-11 հաշվով զիջեց վրացի Վլադիմերի Գամկրեձեին: Վերջինս էլ պարտվեց կիսաեզրափակչում, և Մկրտչյանի համար մրցաշարն ավարտվեց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում