Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի հարավի Խան Յունիս և Ռաֆահ քաղաքներին․ ԶԼՄ-ներ

Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի հարավի Խան Յունիս և Ռաֆահ քաղաքներին․ ԶԼՄ-ներ

Իսրայելը շարունակում է իր ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում, որտեղ Ռաֆահ և Խան Յունիս քաղաքները վաղ առավոտից ենթարկվում են ինտենսիվ գնդակոծությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ Ռաֆահում իսրայելական ուժերը հարվածել են բնակելի շենքի, կան վիրավորներ, որոնց մեծ մասը երեխաներ են։

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ իսրայելական տանկերը Խան Յունիսում հանդիպել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների դիմադրությանը․ ինտենսիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Խան Յունիսի բնակիչները դեկտեմբերի 10-ի հայտնել էին, որ իսրայելական տանկերը հասել են քաղաքի հիմնական՝ հյուսիս-հարավ ճանապարհին։ Բացի այդ, ըստ հրապարակման, քաղաքի արևմտյան հատվածներից մեկը ենթարկվել է գնդակոծության ռազմական ինքնաթիռների կողմից։

Խան Յունիսը Գազայի հատվածի գլխավոր քաղաքն է՝ շուրջ 626 000 բնակիչներով, որոնց միացել են նաև Գազայի հատվածի հյուսիսից տեղահանվածները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում առողջապահական իրավիճակն «աղետալի» է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտավախություն է հայտնել, որ Խան Յունիսում կարող են համաճարակային հիվանդություններ տարածվել։

Գուտերեշը նաև խոստացել է չհանձնվել և փորձել հասնել հրադադարի հաստատման․ դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ն վետո էր դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջարկի վրա, որը պահանջում էր անմիջապես հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ հումանիտար նկատառումներից ելնելով։ Դեկտեմբերի 10-ին արաբական երկրների արտգործնախարարները Կատարում միջազգային համաժողովի ժամանակ դատապարտել էին Վաշինգտոնի այդ քայլը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 240-ին։ Ըստ Գազայի առողջապահական իշխանությունների՝ իսրայելական հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը 18 000 է, 49 500 մարդ վիրավորվել է։

7-օրյա հրադադարի ընթացքում, որն ավարտվեց դեկտեմբերի 1-ին, ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել շուրջ 100 պատանդի, որոնց դիմաց Իսրայելն ազատել էր բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում