Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Վիեննան չի պլանավորում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ դառնալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական հարթակը՝ մեջբերելով ԱԳ նախարարի խոսքերը խորհրդարանում ունեցած ելույթից։
«Մենք մտադրություն չունենք այնտեղ (խմբ․ ՆԱՏՕ) մտնելու»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Ավստրիան Իռլանդիայի, Մալթայի և Շվեյցարիայի հետ միասին մտադրություն ունի դաշինքի հետ տեղեկատվություն փոխանակել և տեսանելի դարձնել չեզոք պետությունները։
«Մենք չենք ուզում, որ մեզ մոռանան»,- պարզաբանել է նախարարը։
Ավելի վաղ ավստրիական die Presse թերթը հայտնել էր, որ Ավստրիան, ինչպես նաև Իռլանդիան, Մալթան և Շվեյցարիան մտադիր են ամրապնդել իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մասին այս պետությունների դիվանագետները հայտնել են անցյալ տարվա դեկտեմբերին՝ դաշինքին ուղարկված իրենց նամակում։ Թերթը պարզաբանում է, որ նամակն իր մոտ է։ Ըստ հրապարակման՝ այս պետությունների ներկայացուցիչները կոնկրետ առաջարկներ են արել, թե ինչպես կարելի է զարգացնել համագործակցությունը։
Կարծիքներ