Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի քննարկումները կուղեկցվեն Մակրոնի և Շոլցի հետ հանդիպումներով. ԵՄ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է սերտ կապ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերն առաջ մղելու համար։
Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի՝ երեկ տարածած հայտարարության մեջ, որւմ հաստատել են, որ 2 երկրների առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել մայիսի 14-ին՝ Բրյուսելում:
ԵՄ հաղորդագրության մեջ նաև նշցում է, որ հանդիպումները կընթանան եռակողմ ձևաչափով՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Բացի այդ, նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումով՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի շրջանակներում:
Հաղորդագրության համաձայն՝ ղեկավարները պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան, որքան անհրաժեշտ կլինի՝ քննարկելու համար տեղում ընթացիկ զարգացումները և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերը:
Նախագահ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին՝ երկրորդ անգամ հանդիպելու ԵՀԽ հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր սա կլինի առաջին անգամ, երբ երկու երկրների ղեկավարները անձամբ կհանդիպեն։
Մինչ այդ առաջնորդները հանդիպել էին նախորդ տարվա նոյեմբերին, իսկ դրանից առաջ էլ՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները լայնածավալ քննարկումներ են ունեցել նաև Վաշինգտոնում: Կողմերը հայտարարել են, որ թեև կա բանակցություններում որոշակի առաջընթաց, սակայն դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր:
Նշենք, որ առաջիկայում բանակցություններ են նախատեսված նաև Մոսկվայում:
Կարծիքներ