ԼՂ-ում մոնիթորինգի կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը չի համընկնում Կրեմլի պատկերացման հետ. Պեսկով
ԼՂ-ում մոնիթորինգի կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը չի համընկնում Կրեմլի պատկերացման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա չի համապատասխանում մեր ըմբռնմանը»,-ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանների մոնիթորինգի կենտրոն է ծրագրվում տեղակայել Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքում:
Պեսկովը նշել է, որ կենտրոնը պետք է տեղակայվի Ադրբեջանի տարածքում:
Ինչպես երեքշաբթի հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակն ու տարածաշրջանում «ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնի» ստեղծումը:
Նույն օրը Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին խոսք չկա հրադադարի եւ դրա պայմանների շուրջ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ: Պատասխանելով հարցին, թե որ տարածքն է հիշատակվում կենտրոնի հնարավոր ստեղծման հետ կապված, նա նշել է, որ «դա Ղարաբաղը չէ»: Պեսկովը նշել է, որ ԼՂ-ում թուրք խաղաղապահների ներկայություն չի նախատեսվում:
Կարծիքներ