Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հանրապետության հրապարակում հավաքվում են քաղաքացիներ. հրապարակում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց՝ չի կարծում, թե քաղաքացիական պատերազմի մասին կարող է խոսք լինել: «Մեր ազգը ունի բավարար իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի»,-ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը կառավարության շենքի մոտից բարձրախոսով ասաց. «Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն: Զինված ուժերը նաև գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ-շատ նման է ռազմական հեղաշրջման փորձի: Եվ ՀՀ քաղաքացին դա թույլ չի տալու»: Նա նաև հայտարարեց, որ 13:45-ից Գյումրիի հրապարակից ավտոերթ է լինելու դեպի Հանրապետության հրապարակ: Նա կոչ արեց ինքնակազմակերպվել և ՀՀ բոլոր մարզերից գալ հրապարակ:
Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ թույլ չեն տալու, որ իրենց ձեռքից գողանան իրենց ընտրությունը: «Մենք 27 տարի տեսել ենք նրանց, մենք տեսել ենք նրանց վարած քաղաքականությունը, մենք տեսել ենք նրանց դղյակները: Հայաստանում վարչապետ ընտրվելու է օրինական ընտրությունների շնորհիվ՝ ՀՀ քաղաքացու ընտրության շնորհիվ, ուրիշ ոչ մի ճանապարհով վարչապետ չի ընտրվելու»,-ասաց քաղաքացին:
Հրապարակում կան նաև մարդիկ, որոնք դեմ են արտահայտվում իշխանությանը: Ժամանակ առ ժամանակ իշխանության աջակիցները և դեմ արտահայտվողները լեզվակռվի են բռնվում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը:
Կարծիքներ