Վահագն Խաչատուրյանը մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի երկօրյա աշխատանքներին, որոնք մեկնարկել են այսօր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նիստի օրակարգում են ՀՀ տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերը, ընթացիկ իրավիճակը և կանխատեսվող զարգացումները: Այսօր ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումների, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված վերջին տարիների մակրոտնտեսական գնաճային և արժույթային զարգացումների, հեռանկարների և միջնաժամկետում բարձր տնտեսական աճի ապահովման համար հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունների թեմաներով զեկույցներ:
Երկօրյա նիստի շրջանակում քննարկումներ են ծավալվելու ՀՀ կառավարության տնտեսական ծրագրի, մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացման, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավման և հարակից այլ թեմաների շուրջ:
Կարծիքներ