Չեխիայի ամենամեծ դիակիզարանը գերծանրաբեռնված է համավարակի զոհերի աճող թվի պատճառով

Չեխիայի ամենամեծ դիակիզարանը գերծանրաբեռնված է համավարակի զոհերի աճող թվի պատճառով

Չնայած բոլոր ջանքերին` Չեխիայի ամենամեծ դիակիզարանը, որը գտնվում է հյուսիսարեւելյան Օստրավա քաղաքում, գերծանրաբեռնված է համավարակի զոհերի աճող թվի պատճառով:

Ըստ AP-ի` թաղման բյուրոների ավտոմեքենաները նախօրեին մի քանի րոպեն մեկ դագաղներ էին հասցնում, որոնցից ոմանց վրա գրված էր «COVID»: Այս օրերին դիակիզարանն օրական ավելի քան100 դագաղ է ընդունում, ինչը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է դրա առավելագույն հզորությունը:

Օստրավայի իշխանություններն արագացնում են չորրորդ վառարանի կառուցման պլանները եւ օգնության համար դիմել են կառավարության կենտրոնական ճգնաժամային կոմիտեին` համավարակի հետ կապված իրավիճակի համակարգման համար:

«Սա արտակարգ իրավիճակ է»,- ասել է Օստրավայի քաղաքապետի տեղակալ Կաստերինա Սեբեստովան: «Այստեղ ոչ ոք նման բան չի հիշում: Դա այն պատճառով է, որ մեզ մոտ մահացածները 60 տոկոսով ավելի շատ են, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա:

Համավարակի բռնկումից առաջ Օստրավայում ամսական մինչեւ 1000 մարմին էր դիակիզվում: Ըստ դիակիզարանի տնօրեն Իվո Ֆուրմանչիկի` դրանց թիվը նոյեմբերին հասել էր 1550-ի, իսկ դեկտեմբերին` 1.570-ի` հոկտեմբերի վերջին կտրուկ աճից հետո:

Վարակման նոր դեպքերի թիվը չորեքշաբթի ռեկորդային մակարդակի էր հասել` 17.668 մարդ, ինչն արդեն եկրորդ օրն անընդմեջ սահմանված ռեկորդ է հանդիսանում: Վարակման դեպքերի կտրուկ աճին կհաջորդի մահվան դեպքերի կտրուկ աճը:

10.7 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակման 794 740 եւ մահվան 12 621 դեպք է գրանցվել: Նոյեմբերն ամենասարսափելի ամիսն էր. Մահացել է 4.937 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում