Վենեսուելայի նախագահը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը
Կարակասն այլեւս երբեք գործարքի կամ երկխոսության չի գնա Եվրամիության հետ, եթե այն չփոխի պատժամիջոցների քաղաքականությունը, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագահը հիշեցրել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ընտրություններին մասնակցած ընդդիմության, դատական համակարգի եւ զինված ուժերի դեմ:
«Նրանք խառնվում են ներքին գործերին եւ ի՞նչ են ակնկալում: Որ մենք շնորհակալությո՞ւն կհայտնենք նրանց մեզ վրա հարձակվելու համար: Ոչ: Մենք երկխոսություն էինք փնտրում, եւ կարեւոր քայլեր են ձեռնարկվել ընդդիմության եւ չավիզմի միջեւ երկխոսության վերականգնման ուղղությամբ: Բայց այս կերպ` ոչ. կա՛մ դուք կուղղեք (ձեր դիրքորոշումը` խմբ.), կա՛մ ձեզ հետ այլեւս ոչ մի գործարք չի լինի, ոչ մի երկխոսություն, պարոնայք Եվրամիությունից, որպեսզի իմանաք, որ Վենեսուելան գիտի` ինչպես արձագանքել սպառնալիքներին, որտեղից էլ դրանք բխեն»,- եզրափակել է Մադուրոն:
Ավելի վաղ ԵՄ-ն ընդլայնել էր Վենեսուելայի նկատմամբ սահմանափակող միջոցառումների ցուցակը` ընդգրկելով դրանում բարձրաստիճան զինվորականների, Ազգային ընտրական խորհրդի անդամների եւ նոր խորհրդարանի անդամների: Նոր պատժամիջոցները մտցվել են «երկրում ժողովրդավարությունն եւ օրենքի գերակայությունը խաթարող գործողություններում եւ որոշումներում նրանց դերի, ինչպես նաեւ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»:
Ի պատասխան` Վենեսուելան ԵՄ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարին պերսոնա նոն գրատա է հայտարարել երկրում եւ 72 ժամ է տվել նրան երկրից հեռանալու համար:
Կարծիքներ