ԱԺ-ն կքննարկի Երևանում աշխարհազորի ղեկավար ունենալու հարցը
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:
Օրենքների նախագծերի առկայությունը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի եւ պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների՝ կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման եւ կազմակերպման անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ աշխարհազորը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքն ու բնակչությանը, կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի, որտեղ կքննարկվի վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված նոր նախագիծը, որով փոփոխություններ են արվելու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Փոփոխությունն իրենից ենթադրում է, որ Երեւանի քաղաքապետի տեղակալի՝ հաստիքով նախատեսված թիվը կավելանա ևս մեկով: Այդ մեկ տեղակալը պետք է լինի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարը (հրամանատար):
Կարծիքներ