Հայաստանի գրեփլինգի հավաքականը 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Գրեփլինգի Հայաստանի հավաքականը 3 մարզիկով մասնակցել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և 3 մեդալ նվաճել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
62 կգ քաշային կարգի No-Gi (առանց կիմոնոյի) ձևաչափում Ռազմիկ Միսակյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն քաշային կարգի Gi ձևաչափում Մայիս Ներսեսյանը նվաճել է բրոնզե մեդալ: 84 կգ քաշային կարգի Gi ձևաչափում էլ բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Զաքարյանը:
Առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է եղել նաև Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Հրանտ Քոթանջյանը:
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան ընդամենը 1 տարվա պատմություն ունի, իսկ Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով` 3 ներկայացուցիչներով 3 մեդալ նվաճելը գոհացնող արդյունք է. «Նախորդ առաջնությանը շատ ավելի մեծ կազմով մասնակցեցինք ու միայն մեկ արծաթե մեդալ էինք նվաճել, բայց այս անգամ ընդամենը 3 մարզիկով էինք ժամանել մրցավայր, ու մեր բոլոր տղաներն էլ շատ լավ հանդես եկան՝ մեդալներ նվաճելով: Արդյունքները միանշանակ գոհացնող են»:
Տարին բավականին հագեցած կլինի Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչների համար: Սեպտեմբերին Սերբիայում կանցկացվի մեծահասակների աշխարհի առաջնությունը, իսկ հոկտեմբերի 14-ին Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կմեկնարկի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ այս երկու մրցաշարերին էլ Հայաստանը մասնակիցներ կունենա: Մինչ այդ Իտալիայում, հնարավոր է, կանցկացվի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին ևս Հայաստանի գրեփլինգի հավաքականը նախատեսում է մասնակցել:
ՀԳՖ գլխավոր քարտուղարը կարևորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի կողմից մարզաձևի նկատմամբ մեծ ուշադրությունը. «UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը վերջերս հայտարարեց, որ գրեփլինգը նոր մակարդակի է բարձրացվելու: Կազմակերպչական հարցերով մինչ այս զբաղվում էին թուրքերը, բայց հիմա աշխատանքները համակարգելու է միջազգային ֆեդերացիայի՝ Շվեյցարիայում տեղակայված գլխավոր գրասենյակը: Ասում են՝ բոլորովին նոր մակարդակի են հասցնելու գրեփլինգը»:
Խոսելով առաջիկա մյուս ծրագրերից՝ Վլադիմիր Հովհաննիսյանը հայտնում է, որ Հայաստանում նախատեսում են միջազգային մեծ մրցաշար անցկացնել ու նաև արտասահմանցի բարձրակարգ մասնագետների հրավիրել Հայաստան՝ սեմինարների:
Եվրոպայի առաջնությունում ունեցած լավ ելույթներով էլ մեր ընտրանին գրավել է տարբեր երկրների ներկայացուցիչների ուշադրությունը. «Մեր լավ ելույթներով պայմանավորված՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ մոտենում էին և առաջարկում համատեղ հավաքներ անցկացնել: Նման քննարկումներ էլ ունենք: Այնպես որ, առաջիկայում մեծ ծրագրեր ունենք, հուսանք՝ ամեն ինչ կստացվի»:
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան դեռևս մասնաճյուղեր ունի միայն Արմավիրի և Լոռու մարզերում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Հայաստանի այլ մարզերում ևս՝ մարզաձևի զարգացման ու մասսայականացման նպատակով:
Ֆեդերացիան նաև կրթական կարճ ծրագիր է պատրաստում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ըստ այդ ծրագրի՝ բոլոր ցանկացողները կկարողանան վերապատրաստում անցնել՝ որպես գրեփլինգի մարզիչ:
Կարծիքներ